Անվանում | Միավոր | Արժեք[AMD] | Տ-մ |
---|---|---|---|
USD | 1 | 394.0 | -0.3 |
GBP | 1 | 498.3 | -4.1 |
EUR | 1 | 413.2 | -0.6 |
CHF | 1 | 440.7 | -3.8 |
RUB | 1 | 3.830 | 0.02 |
ՀՀ մուտքի վիզաների տեսակները
Համաձայն ՀՀ կառավարության 2012թ-ի հոկտեմբերի 4-ի թիվ 1255-Ն որոշման` Եվրոպական Միության անդամ պետությունների, ինչպես նաեւ Եվրոպական Միության Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիները 2013 թվականի հունվարի 10-ից ազատվում են Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ձեռքբերման պահանջից: Նշված երկրների քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում:
Այցելության մուտքի վիզա` հարազատներին (ընկերներին) այցելելու կամ տեսակցելու, ընտանիքի վերամիավորման, զբոսաշրջության (hանգստի), բուժման, ՀՀ կրթական հաստատություններում ուսանելու, ՀՀ կազմակերպվող մշակութային, մարզական, գիտական և այլ միջոցառումներին, խորհրդաժողովներին մասնակցելու, ՀՀ տեխնիկական աջակցության, մարդասիրական, բարեգործական, ֆինանսական օգնության կարճատև ծրագրերի իրականացման, գործարար բանակցություններին մասնակցելու, աշխատանքային գործունեություն կատարելու, տնտեսական գործունեություն ծավալելու (առևտրային կազմակերպություն հիմնադրելու, օտարերկրյա պետության առևտրային կազմակերպության մասնաճյուղ կամ ներկայացուցչություն հիմնադրելու, ՀՀ ներդրում կատարելու, ապրանքների և ծառայությունների ներմուծում և արտահանում իրականացնելու) նպատակով այցելության համար, ինչպես նաև միջազգային օդային կամ ցամաքային ուղևորաբեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների անձնակազմերի անդամների համար` մեկանգամյա մուտքի կամ մինչև մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար.
Պաշտոնական մուտքի վիզա` պաշտոնական (ծառայողական) անձնագիր կրող անձանց համար`
- ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, ՀՀ-ում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում կամ նրանց ներկայացուցչությունների դիվանագիտական կարգավիճակ չունեցող աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար՝ մինչև 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար,
- ՀՀ պետական մարմինների կամ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների հրավերով ծառայողական նպատակներով ՀՀ ժամանող օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց՝ մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար,
- սովորական անձնագրերով պաշտոնական պատվիրակությունների անդամների համար` մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար.
Դիվանագիտական մուտքի վիզա` դիվանագիտական անձնագիր կրող կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձանց համար`
- ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, ՀՀ-ում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում կամ նրանց ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար՝ մինչև 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար,
- պաշտոնական, պետական, աշխատանքային այցով կամ ծառայողական նպատակներով ՀՀ ժամանող պատվիրակության անդամներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց համար՝ մեկ մուտքի կամ մինչև 1 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար,
- ոչ ծառայողական նպատակներով ՀՀ ժամանողների համար` մինչև 120 օր վավերականության ժամկետով մեկ մուտքի համար.
Տարանցիկ մուտքի վիզա` ՀՀ տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտով երթևեկողների համար մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար` մինչև 3 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 4 օր երկարաձգելու հնարավորությամբ:
Արտաքին գործերի նախարարությունը տրամադրում և երկարաձգում է «պաշտոնական» և «դիվանագիտական» մուտքի վիզաները, ինչպես նաև տրամադրում է էլեկտրոնային մուտքի վիզաներ evisa.mfa.am: «Այցելության» և «տարանցիկ» մուտքի վիզաները տրամադրում և երկարաձգում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը: ՀՀ մուտքի վիզաները երկարաձգվում են միայն ՀՀ տարածքում, վիզայի ժամկետի ավարտից առաջ:
Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են ՀՀ-ում մինչև 120 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ, եթե օրենքով կամ ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրվող մեկանգամյա մուտքի վիզայի վավերականության ժամկետը երկու ամսով գերազանցում է ՀՀ-ում գտնվելու ժամկետը, իսկ ՀՀ սահմանային անցման կետում կամ անհրաժեշտության դեպքում նաև ՀՀ տարածքում տրվող մեկ մուտքի վիզայի ժամկետը համապատասխանում է ՀՀ-ում գտնվելու ժամկետին: Դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում տրվող մուտքի վիզայի վավերականության ժամկետը կարող է համապատասխանեցվել օտարերկրացու կողմից գրավոր հայտարարված ՀՀ մուտքի ժամկետի հետ:
ՀՀ մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիներից գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:
Հրավեր
ՀՀ կառավարությունը սահմանել է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա: Նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները ՀՀ սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի /ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերն են` կրոնական և համայնքային կառույցների, ինչպես նաև պետական մարմինների կողմից տրամադրվող փաստաթղթերի/:
Հրավերի ձևակերպում
Օտարերկրացուն ՀՀ այցելելու հրավեր ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Կարող են ներկայացնել`
ա) ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք.
բ) ՀՀ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները և միջազգային կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչությունները:
Ֆիզիկական անձինք հրավերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը առընթեր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` www.passportvisa.am: